Այս տարի մարտի 19-ին Լուսինը շատ մոտ կլինի Երկրագնդին: Հեռավորությունը կլինի 356, 57 հազ. կմ։ Այդ օրը Լուսինը կլինի լիալուսնի փուլում և մեզ կերևա անսովոր մեծ չափով, ինչն էլ առիթ է տալիս այն կոչելու «Գերլուսին»: Վերջին անգամ նման երևույթ գրանցվել է 1992-ին: Արդյոք սա բնական նոր աղետների պատճա՞ռ է դառնալու: Լուրեր են պտտվում, որ փոխվելու է երկրագնդի կլիման, կլինեն եղանակային ծայրահեղ դրսևորումներ, երկրաշարժեր, հրաբուխներ, ջրհեղեղներ, փոթորիկներ և այլն: Մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած հզորագույն երկրաշարժն ասես հաստատեց չարագուշակ կանխատեսումները: Այն կապում են Արեգակի և Լուսնի ակտիվության, Լուսնի` Երկրագնդին մոտ լինելու հետ: Մարտի 19-ն էլ ավելի տագնապալի է թվում: Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը նշում է, որ մարտի 11-ին Լուսինը դեռևս միջին հեռավորության վրա է եղել: «Միշտ էլ կարելի է ցանկացած տարերային աղետի հետ կապված գտնել որևէ երկնային երևույթ,- ասում է աստղագետը և վստահեցնում, որ Լուսնի հեռավորությունը կապ չունի Երկրի վրա տեղի ունեցող տարերային աղետների հետ, այդ թվում` Ճապոնիայի երկրաշարժի: «Գուցե դիտվեն սովորականից բարձր մակընթացություններ և սովորականից ցածր տեղատվություններ, քանի որ այդ երևույթներն առաջանում են Լուսնի ձգողության ուժի ազդեցությամբ»: Ըստ աստղագետի` սարսափելի ու արտասովոր ոչինչ չկա, ու մարտի 19-ից վախենալը անհիմն է: Սակայն բնությունը հիշեցնում է, որ անկանխատեսելի է ու անվերահսկելի: «Միշտ էլ այդպես է եղել,- ասում է Արեգ Միքայելյանը ,- պարզապես հիմա մարդիկ ավելի շատ են տեղեկացված, դրա համար էլ վտանգն ավելի մոտ է թվում»:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ. Գ. -Զրույցը Արեգ Միքայելյանի հետ կարդացե՛ք «Իրատես de facto»-ի հաջորդ` մարտի 18-ի համարում։